Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Տղամարդկային բարեկամություն՝ Պուտին ու Նեթանյահու

Տղամարդկային բարեկամություն՝ Պուտին ու Նեթանյահու
10.05.2016 | 22:59

Նրանք հարգում են միմյանց՝ հաճախ տարբեր կարծիքներ ունենալով: Ռուս նախագահ Վլադիմիր Պուտինին ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կապում է տղամարդկային բարեկամությունը՝ գրում է Tagesspiegel-ը: Քաղաքականության մեջ հազվադեպ է բարեկամության տեղ մնում:


Անձնականը իրավունք չունի և չպետք է ինչ-որ դեր խաղա պետությունների նախագահների ու վարչապետների փոխհարաբերություններում: Ի վերջո, խոսքը փողի, ազդեցության ու ազգային շահերի մասին է: Միաժամանակ արժեքների ընդհանրությունն ու համակրանքը հաղորդակցվելիս կարող են օգնել միասնական քաղաքականության հանգել ու կոնֆլիկտներից խուսափել՝ գրում են Քրիստիան Բեմեն և Հանես Հայնեն: Պուտինին ու Նեթանյահուին կապում է քաղաքական գործիչների միջև հենց այդպիսի կապը:

Ռուսաստանի նախագահն ու Իսրայելի վարչապետը մշտապես շփվում են միմյանց հետ, մի քանի օր առաջ Նեթանյահուն նորից Մոսկվայում էր: Ռուսն ու իսրայելցին քաղաքականության մասին նման տեսակետներ ունեն: Երկուսի համար էլ գլխավորը իրենց իշխանական իրավասությունների պահպանումն ու հնարավորինս ընդլայնումն է: Նրանք պատրաստ են ռիսկի դիմելու հանուն իրենց նպատակների: Սակայն Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Միխայել Վոլֆսոնը երկու քաղաքական գործիչների միջև որոշակի տարբերություններ է տեսնում: «Պուտինը իսկական ստրատեգ է: Դա երևում է ՈՒկրաինայում ու Ղրիմում նրա գործողություններից,- նկատում է Մյունխենի Բունդեսվերի համալսարանում դասավանդող պատմաբանը:- Իսկ Նեթանյահուն հստակ ստրատեգիա չունի»: Նա գերադասում է մանևրել, ՌԴ նախագահը՝ ծրագրել ու գործել: Դա երկուսին էլ չի խանգարում սերտ համագործակցել բարդ հարցերում: Օրինակ՝ Սիրիայի: «Մենք ռուսների հետ մշտական կապի մեջ ենք»,- ասում է Իսրայելի ԱԳ գլխավոր տնօրենի ռազմավարական խնդիրներով տեղակալ Ջերեմի Իսախարովը: Քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում ռուսական ռազմական միջամտության սկզբից բանակցությունները վարվել են «բարձրագույն մակարդակում»: Իսրայելցիները ռուսներին գնահատում են, որովհետև նրանք հուսալի ու կանխատեսելի են:

Թեպետ Մոսկվան, ծայրահեղ դեպքում գոնե հիմա, աջակցում է Ասադի կառավարությանն ու օգնում Իրանին՝ Իսրայելի երդվյալ թշնամուն, ռուսներն ու իսրայելցիները ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան առաջին հայացքից երևում է, քան կուզենային տեսնել Արևմուտքում: Որոշ դիտորդների կարծիքով՝ ռուսներին բոլորովին դուր չի գալիս փաստը, որ Ասադին հատկացված զենքը հայտնվում է «Հըզբոլլահի» ձեռքում: Երկու պետություններին միավորում է նաև բալկանյան խնդրում միասնական տեսակետը: Արևմուտքում համարյա հայտնի չէ, որ 1999-ին Իսրայելը աջակցեց Մոսկվային Կոսովոյի հարցում: ՆԱՏՕ-ի զորքերը գրոհում էին հարավսլավական հանրապետությունը, որ աջակցեն իսլամ դավանող կոսովցի ալբանացիների ապստամբությունը: Ռուս և իսրայելցի քաղաքական գործիչները, Բելգրադի ղեկավարությունն ասում էին, որ ալբանացիներին օգնելը կսրի կրոնական ահաբեկչության սպառնալիքը: Իսրայելը մինչև այսօր չի ճանաչել Կոսովոն: Ինչպես և Ռուսաստանը:
Քրիստիան ԲԵՄԵ, Հանես ՀԱՅՆԵ, Tagesspiegel


Հ.Գ. Հեղինակները չեն նշել ևս մեկ ընդհանրություն, որ նրանց կարծիքով գուցե կարևոր չէ, բայց իրականում հիմնականն է՝ Պուտինն ու Նեթանյահուն սիրում են կոնֆլիկտները ոչ թե լուծել, այլ հետաձգել լուծումները, փորձելով ընթացքում հնարավորինս շահել: Պուտինի անվան հետ են կապվում հետխորհրդային համարյա բոլոր կոնֆլիկտները, որ նա չի սկսել, բայց և չի ցանկանում ավարտել: Նեթանյահուն պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի կենտրոնում է, որ ժառանգել է նախորդներից և հաստատ փոխանցելու է հաջորդին: Բացի այդ, երկուսն էլ սիրում են սպառազինության վաճառքից ստացած ֆինանսներն ու Ադրբեջանին զենք վաճառել և անվանում են բիզնես՝ անձնական ոչինչ, պարզապես բիզնես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ